Հայաստան (亞美尼亞) – Ասիայի հիասքանչ թագուհի
Այլաբանություն (Alegoria, ἀλληγορία)
Մեկնարկել էր հին ազգերի լիգայի վեհաժողովը, որը հավաքվում է յուրքանչյուր 100 տարին մեկ արեգակնային հին տոմարի 13-րդ ամսվա առաջին տասնօրյակում: Հավաքվել էին ողջ մնացած ազատ և անազատ հին քաղաքակրթությունները:
Արդեն մի քանի նստաշրջան է, ինչ նիստը սկսում են լռության րոպեով։ Բոլոր ազգերը հոտնկայս մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք են մատուցում անցած-գնացած հին հարևաններին, որից հետո միաբերան վանկարկում են հազարամյա կարգախոսը. «Լինի բարեկամ, թե ախոյան, նրանք կերտել են պատմություն, սավառնել են մերթ հորիզոնին հավասար, մերթ արեգակը փակելով, ու ապացուցել են մի պարզ ճշմարտություն, որ ազգերը հեռանում են ընդմիշտ, երբ դադարում են պատմությունը գրել սեփական ձեռագրով»: Այնուհետև նիստը նախագահող ազգի ներկայացուցիչը բացման խոսքը սկսում է անցավորների պատմության վերջին էջի ամփոփ ներկայացմամբ, որից հետո ներկայացնում է վերջին հարյուրամյակում տեղի ունեցած նոր իրադարձությունները: Այս անգամ նիստը նախագահում էր Եթովպիան: Հազարամյակներ ի վեր գործում է օրենք, որի համաձայն գումարվող նիստի վարման նախագահությունը ստանձնում են հերթով: Հայկական քաղաքակրթությունը վերջին անգամ նիստի նախագահությունը ստանձնել էր Կիլիկիայի թագավոր Հեթում Ա-ի օրոք:
Այս անգամ վեհաժողովը տոնական էր, քանի որ պետականություն ունեցող հին ազգերի կլոր սեղանի շուրջ կրկին վերաբացվել էին մի քանի կարևոր գահավորակներ: Վերջին վերաբացված գահավորակներից մեկը պատկանում էր Հայաստանին:
Նիստի արարողակարգային հանդիսության ընթացքում, երբ ներս հրավիրվեցին բոլորը՝ պետականություն ունեցող և պետականությունը կորցրած հին քաղաքակրթությունները, Հնդկաստանը նկատեց Հայաստանի անհանգիստ և անվստահ կեցվածքը, ապա, դառնալով Չինաստանին, հարցրեց. «Բարեկա՛մ, ինչո՞վ է պայմանավորված Հայաստանի անհանգստությունը»:
«Դժվար ժամանակներ է ապրում Հայաստանը, — պատասխանեց Չինաստանը, — նրանք փառքով հաղթեցին կենաց պայքարը և հիմա գտնվում են ինքնության փնտրտուքի և վերարժևորման ճանապարհի վրա»:
«Ես տեղյակ եմ, որ Հայաստանը նոր ազգերի դաժան քաղաքականության զոհն է դարձել։ Արդյո՞ք այդ մղձավանջը դեռ չի ավարտվել»:
«Ասում են` դեռ ոչ, ինչ-որ նորահայատ միություն է հայտնվել հայերի հարևանությամբ, դեռ հստակ չէ դրանք ժողովո՞ւրդ են, թե՞ աղանդավորական հոսանք»
«Ո՞Ւմ մասին է խոսքը», — հարցրեց Հնդկաստանը:
«Հայկական լեռնաշխարհից ոչ հեռու՝ Շիրվանի տարածքում, հայտնվել են դերակատարներ, որոնք իրենց կոչում են հին Ատրպատականի անունով և ցանկանում են պատռել հայոց պատմությունը»:
«Բարեկամ, — ասաց Հնդկաստանը, — իմ կարծիքով դա այն հարցը չէ, որի պատճառով Հայաստանը կերերար իր ինքնության հարցում։ Հայերը մեկ անգամ չէ, որ հաղթանակած են դուրս եկել նման արհավիրքներից»:
«Համաձայն եմ, — ասաց Չինաստանը, — նրանց խնդիրը անտարբերությունն է, անգամ չեն ուզում խմբագրել և աշխարհին պարտադրել իրենց իրական տեղանունը»:
«100 տարի առաջ, երբ Հայաստանը կրկին խնդիրներ ուներ նոր ժողովուրդ թուրքերի հետ, նրանք ներկայացան Անանիա Շիրակացու «Աշխարհացույցով», Սմբատ Սպարապետի և Մխիթար Գոշի ժառանգությամբ: Ի՞նչ է փոխվել»:
«Փոխվել է այն, որ այս 100 տարվա ընթացքում հայերը ազդվեցին մեկ այլ նոր ժողովրդի տարածած իշխանությունից, — պատասխանեց Չինաստանը, — նրանք անցան ռուսների մշակութային և քաղաքական գերիշխանության ճամբարի միջով: Հետաքրքիրն այն է, որ ունենալով այդքան զորեղ մատենագրություն և անհերքելի ապացույցներ՝ նրանք իրենց կոչում են Կովկաս, մինչդեռ ես հավատում եմ աշխարհի կենտրոնում գտնվող Չինաստանի մշակույթին: Իսկ մենք Հայաստանին անվանում ենք 亞美尼亞, որը նշանակում է ԱՍԻԱՅԻ ՀԻԱՍՔԱՆՉ ԹԱԳՈՒՀԻ»:
Հին ազգերը գիտեն, որ սուրբ տեղը ունայն չի մնում: Եթե հին քաղաքակրթությունը չի ամրագրում իր գոյությունը պատմական հայրենիքի ֆիզիկական չափումներին, այն վաղ թե ուշ յուրացվում է օտարի կողմից: Չինաստանն ու Հնդկաստանը լավ գիտեն խոսքի ու մտքի ազդեցությունը ճակատագրերի վրա: Նրանք նայեցին միմյանց ու հիշեցին Բուդդայի առակը. «Դուք դառնում եք այն, ինչի մասին մտածում եք»:
«Արևելքի հիասքանչ թագուհի» նկարին կից համանուն այլաբանությունը, որը հրապարակվել է 20.11 .2017
© 2024 gurgensimonyan.com